2012թ. առաջին եռամսյակի տվյալներով` Hewlett-Packard-ը համակարգիչների շուկայում կրկին  առաջատարն է: Այդ դիրքն ընկերությունը նախորդ տարեվերջին զիջել էր Apple-ին: Այդ մասին ասվում  է Canalys գործակալության եռամսյակային նոր հաշվետվությունում:

Նոթբուքերին եւ սեղանի համակարգիչներին զուգահեռ գործակալությունը հաշվի է առել նաեւ պլանշետների մատակարարումները: Վերլուծական այլ գործակալությունները, ներառյալ IDC-ն եւ Gartner-ը, պլանշետները որպես համակարգիչ չեն հաշվում:

Համաձայն Canalys-ի,  2012թ. առաջին եռամսյակում համաշխարհային շուկա է մատակարարվել շուրջ 15,8միլիոն միավոր HP տեխնիկա: Ընդ որում` մրցակցող  Apple ընկերությունը զիջում է ընդամենը  40 հազար միավոր սարքավորումով: Apple-ի հաջողությունը վերլուծաբանները պայմանավորում են   iPad-ի լավ վաճառքով:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երրորդ տեղն զբաղեցնում է չինական Lenovo-ն, որը նախորդ տարվա համանման ժամկետի համեմատ մատակարարումն ավելացրել է 50%-ով: Առաջատարների հնգյակը եզրափակել են Acer-ը եւ Dell-ը, սակայն այս երկու ընկերությունները բացասական դինամիկա են արձանագրել:

Ընդհանուր առմամբ դիտարկված ժամանակահատվածում համաշխարհային շուկա են մատակարարվել 107 մլն համակարգիչներ (ներառյալ պլանշետները), ինչը  21%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ, գրում է  CNews-ը:

Գործակալության կանխատեսմամբ` տարվա II եւ III եռամսյակներում շուկայի աճի բարձր տեմպեր պետք չէ ակնկալել` պայմանավորված տնտեսության անկայուն վիճակով, ինչպես նաեւ Windows 8-ը թողարկելու նախաշեմին, ինչի պատճառով շատ գնորդներ համակարգչի ձեռքբերումը կհետաձգեն մինչեւ 2012թ.  IV եռամսյակ: