Ադրբեջանը հայտարարում է, թե Սևանն իրենն է՝ անվանելով այն Գյոյչա, իսկ Երևանը՝ Էրիվան։ Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

Նա հավելել է, որ Բաքուն շատ մեծ ախորժակ ունի «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու ծրագրի իրականացման հարցում։

Ծառուկյանն ընդգծել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը չկրկնի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։

«Իշխանությունները ստում են, երբ ասում են, թե խաղաղություն են հաստատել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում հեռանալ Հայաստանի տարածքից, այլև ավելի է ամրապնդվում այնտեղ։

Ընդդիմադիր գործիչը Հայաստանի իշխանություններին կոչ է արել ցույց տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրված այն փաստաթուղթը, որտեղ գրված է, որ խաղաղություն է հաստատված, և ոչ ոք չի խախտելու սահմանը։