Մայիսի 28-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված զինվորական շքերթը։

Այն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի կորստի և նախընտրական քարոզարշավի պայմաններում։ Պատվո հարթակում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ պատվո հարթակում չի եղել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ շքերթի ժամանակ կցուցադրվեն վերջին չորս տարիներին վեց-յոթ երկրներից ձեռք բերված սպառազինությունները, ինչպես նաև տեղական արտադրության զինատեսակները՝ հավելելով, որ դրանք Հանրապետության հրապարակին հարող տարածքում կմնան մինչև կեսգիշեր։

Հայաստանում վերջին անգամ զինվորական շքերթ անցկացվել էր 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 25-ամյակի առթիվ։ Անկախության հռչակումից ի վեր զինվորական շքերթները կազմակերպվել են բացառապես սեպտեմբերի 21-ին։