Մասիս քաղաքի Ոստիկանության Քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները բռնել են «Հարավկովկասյան երկաթուղու» վազուրդիներից մեկում գողություն կատարած Այնթափի 5 անչափահաս բնակիչներին: 15-17 տարեկան անչափահասները ապրիլի 9-ին, 11-ին, 13-ին եւ 30-ին Նորոգավիթ-Մասիս վազուրդու տարբեր հատվածներում գողացել են կապի մալուխները:
Արդյունքում երկաթուղուն հասցրած վնասի չափը գերազանցում է 536 հազար դրամը: Գողություն կատարած երիտասարդները հայտնաբերվել են Ոստիկանության կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ ոստիկանների ու երկաթուղու աշխատողների համատեղ կատարված աշխատանքի շնորհիվ: Անչափահասները հանձնվել են ծնողների հսկողությանը:
Պարզվել է, որ անչափահասները գողացած մալուխը շատ ցածր գնով հանձնել են որպես մետաղյա ջարդոն:
Ներկա պահին քննությունը շարունակվում է: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ նման սարքավորումների եւ կապի միջոցների գողության դեպքերը մեծ վտանգ են ներկայացնում երկաթուղու եւ գնացքների անվտանգության համար: Մասնավորապես, գողացած կապի մալուխն ապահովում էր կայարանների հերթապահների սլաքային փոխադրիչների եւ լուսանշանների հետ կապը:




























