Հանրապետության հրապարակում այսօրվա զինվորական շքերթն ընդամենը նոր շոու է՝ ժողովրդի աչքերին թոզ փչելու և ցույց տալու համար, թե իբր ինչ զենք ունենք, բայց այս ուժերով ներկա պայմաններում Ադրբեջանի դեմ հնարավոր չէ պատերազմել։ Այս մասին մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության օրը, «Սարդարապատ» հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է հեռացող խորհրդարանի կազմի պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ով հեռացվել է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից։

Նա ընդգծել է, որ ներկա իրողություններում շքերթի անցկացումն անտեղի է, առավել ևս, որ երկրի ղեկավարությունը պետք է լիներ Սարդարապատում, ինչպես որ եղել է նախորդ բոլոր տարիներին։ Ասլանյանը պարզաբանել է, որ եթե հայկական տեխնիկայի կողքին ցույց տային, թե որքան ու ինչպիսի զենք է գնել Բաքուն, ապա ակնհայտ կդառնար, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին կարող են պարզապես «կուլ տալ»։ Նա հիշեցրել է, որ այս տարի Ադրբեջանն իր ռազմական բյուջեն ավելացրել է մոտ 30%-ով՝ այն հասցնելով 2,5 միլիարդ դոլարի, մինչդեռ հայկական իշխանությունները պաշտպանական ծախսերը կրճատում են 15%-ով։ «Ես կընդունեի Փաշինյանին, եթե նա այսօր ուղղակի դուրս գար ժողովրդի առաջ ու ասեր՝ «ժողովո՛ւրդ, ես չեմ բարձրացնելու ո՛չ թոշակները, ո՛չ աշխատավարձերը, ասֆալտ չեմ փռելու, ես հզորացնելու եմ ռազմական արդյունաբերությունը», որպեսզի մի քանի տարի անց մենք կարողանանք մեր խոշոր թշնամիներին իրենց տեղը նստեցնել»,- ասել է հեռացող խորհրդարանի կազմի պատգամավորը։

Մեկնաբանելով խաղաղության օրակարգի վերաբերյալ թեզերը՝ Հակոբ Ասլանյանը քաղաքացիներին կոչ է արել չշփոթել զինադադարը իրական խաղաղության հետ՝ որպես օրինակ բերելով Անգլիայի և Ֆրանսիայի միջև Հարյուրամյա պատերազմը, որտեղ, չնայած խաղաղության երկարատև ժամանակահատվածներին, պայմանագիրն ստորագրվել է միայն 116 տարի անց։ Չէ՞ որ լիարժեք պայմանագիր չի կնքվի այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը «վախից դրդված» չի գնացել Սահմանադրության փոփոխությանը, որպեսզի այնտեղից հեռացնի Իլհամ Ալիևին խանգարող բոլոր կետերը։ Անդրադառնալով Մոսկվայի հետ հարաբերությունների թեմային և այնտեղից հնչող նախազգուշացումներին՝ Հակոբ Ասլանյանը հավելել է, որ Ռուսաստանի ղեկավարությունն այժմ ուղղակիորեն դիմում է հայ ժողովրդին՝ մատնանշելով ռիսկերը։ «Չի կարելի երկու լարի վրա խաղալ, որովհետև նման խաղի դեպքում դու պարզապես վայր կընկնես»,- եզրափակել է Փաշինյանի նախկին թիմակիցը։