Ամերիկայի Միացյալ Նահանգները սույն թվականի հունիս-հուլիս ամիսներին բանակցությունների շարք կանցկացնի Մեքսիկայի իշխանությունների հետ՝ Կանադայի, Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ առևտրային համաձայնագրի (USMCA) պայմանները հօգուտ Վաշինգտոնի վերանայելու նպատակով։ Այս մասին ասված է ԱՄՆ առևտրային բանակցություններում ներկայացուցչի՝ Ջեյմիսոն Գրիրի գրասենյակի հայտարարության մեջ։

«Բանակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվելու է այն բանի վրա, որ համաձայնագիրը օգուտ բերի ամերիկյան արտադրողներին, ֆերմերներին, անասնապահներին, բանվորներին և ծառայություններ մատուցողներին»,- նշված է հայտարարության տեքստում։

Բացի այդ, ԱՄՆ-ն մտադիր է բանակցությունների ընթացքում վերանայել տնտեսական անվտանգության ոլորտին և ապրանքների ծագման հավաստման կանոններին առնչվող մի շարք հարցեր։

USMCA պայմանագիրը ստորագրվել է 2018 թվականին՝ Վաշինգտոնի նախաձեռնությամբ, որը համարել էր, որ նմանատիպ NAFTA առևտրային համաձայնագիրը չի բխում Միացյալ Նահանգների շահերից։ Նոր պայմանագիրն ուժի մեջ է մտել 2020 թվականին։ Դրա դրույթների համաձայն՝ վեց տարին մեկ նախատեսված է պայմանագրի պլանային վերանայում, որը պետք է ավարտվի մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։ Եթե համաձայնագիրը երկարաձգվի, այն կգործի ևս 16 տարի։ Իսկ եթե համաձայնության գալ չհաջողվի, պայմանագիրը կենթարկվի ամենամյա վերանայումների՝ ընդհուպ մինչև դրա գործողության ժամկետի լրանալը (2036 թվականը)։ Համաձայնագիրը վերաբերում է ընդհանուր մոտ 2 տրիլիոն դոլար արժողությամբ ապրանքներին և ծառայություններին։