Արդեն ավանդույթ է դարձել Հանրապետության տոնը Ապարանում նշելը, բայց այսօր ևս մի կարևոր միջոցառում ունեինք՝ զորահանդեսը, որը կարծում եմ տպավորեց բոլորիս։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, Ապարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այն զինատեսակները, որ այսօր ցուցադրվեցին Հանրապետության հրապարակում, ես վստահ եմ, որ էականորեն տարատեսակ հիմար թեզեր փարատել են։ Հատուկ հպարտությամբ ուզում եմ նաև շեշտել մեր տեղական արտադրության զինատեսակների մասին, անօդաչու սարքերի մասին, տարբեր զորքերում հատուկ զինտեխնիկայի մասին, որտեղ արդեն մեծ առաջընթաց ունենք հենց հայկական արտադրության տեսանկյունից, որի առիթով բոլորիս շնորհավորում եմ»,–ասաց նա։

Անցորդներից մեկը Ավինյանից հետաքրքրվեց, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը հույս տալիս է, որ իրենց երեխաները խաղաղ կապրեն, և ստանալով դրական պատասխան՝ հավելեց. «Ես չեմ հավատում, դա սուտ է, ստախոսություն է»։

Նա սուտ որակեց պնդումը, թե ՔՊ–ականները թիրախավորում են արցախցիներին. «Դա սուտ է, խոսքը ղարաբաղյան էլիտաների մասին է, որոնք որ տարբեր ֆինանսական աղբյուրներից օգտվել են, ներառյալ Հայաստանից ուղարկված, ներառյալ իրենց նախագահի կողմից ֆինանսավորված։ Առհասարակ այդ մարդկանց հետ խոսակցությունը շատ կարճ է, իրենք նախ և առաջ ՀՀ քաղաքացի չեն, երկրորդը Ղարաբաղյան քաղաքական էլիտան հիմա առհասարակ ոչ մի բանի իրավունք չունի, մանավանդ Ղարաբաղյան թեմայով խոսելու։

Ես անձամբ այնտեղ եմ եղել, շատ լավ գիտեմ՝ ով ինչ դերակատարում է ունեցել, ով ինչքան է ներդրվել մեր պատերազմում հաղթանակ տոնելու համար։ Նրանք վերջին մարդիկ են, որոնք իրենց իրավունքը կարող են վերապահել ասելու, որ իրենք ամեն ինչ արել են, որ մենք Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տոնենք»,–ասաց Ավանեսյանը։

Դիտարկմանը, որ Արթուր Օսիպյանը, ով Փաշինյանի հետ վիճաբանության համար երկու ամսով կալանավորվեց, ղարաբաղյան էլիտայի մաս չէր, նա ընդդիմադիր էր Ղարաբաղի քաղաքական ղեկավարությանը, Երևանի քաղաքապետը հեգնանքով ասաց. «Բոլորն էլ այդպես պայքարող էին՝ փողով։ Շատ լավ գիտենք բոլոր դերակատարներին։ Բոլորի վերաբերյալ էլ բոլոր տվյալներն էլ ունենք, մի հատ հարցրեք՝ ով որտեղից է ֆինանսավորվել, ինչ հիմնադրամներից, կիմանաք։ Գնացեք այդ պայքարողներին հարցրեք»։

Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքական ուժերից մեկի գույքի հետ կապված հնչող սպառնալիքներին, Ավինյանն ընդգծեց. «Եթե որևէ մեկին թվում է, որ արտաքին հետախուզության ծառայությունների, այլ երկրների միջամտությամբ, այլ երկրների ֆինանսավորմամբ այստեղ հայրենասիրություն խաղալը անպատժելի է մնալու, բոլորը չարաչար սխալվում են։ Ազգի դավաճանները բոլորը դատվելու են»։