NEWS.am-ին հաջողվել է պարզել, որ Գորիս-Երեւան ճանապարհին, այսօր` մայիսի 3-ի գիշերը վթարի ենթարկված Opel Sintra մակնիշի մեքենան ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների է տեղափոխելիս եղել, որը բախվել է «ԿրԱԶ-256» բեռնատարին:

Վթարի ենթարկված «ԿրԱԶ»-ը պատկանել է Սիսիանի բնակիչ 46-ամյա Գագիկ Գալստյանին:

ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ  կապերի ավագ սպա Մերի Սարգսյան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ Opel Sintra-ի  ուղեւորները ԼՂՀ Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ են եղել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` մայիսի 3-ին, Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան զոհեր: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են Opel Sintra մակնիշի S 9387 համարանիշի եւ «ԿրԱԶ» մակնիշի 386 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով Opel Sintra-ի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 45-ամյա Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղեւորներ` 24-ամյա Արթուր Մկրտչյանին եւ 22-ամյա Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Մինչեւ հրշեջ-փրկարարների ժամանումը` Opel Sintra-ի ուղեւորներ` 23-ամյա Արման Խաչատրյանը, 23-ամյա Արթուր Ավանեսյանը, 23-ամյա Արտակ Սեդրակյանը եւ 22-ամյա Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:

Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է: