Պետության հիմքը թշնամու երաշխիքներն ու ողորմածությունը չեն, այլ սեփական ուժն ու արժանապատվությունը։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների՝ Հանրապետության օրվա կապակցությամբ Սարդարապատի հուշահամալիր այցելության ժամանակ այդ մասին հայտարարեց պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանը հիշեցրեց հայոց պատմությունը փոխած փառահեղ հաղթանակների մասին, երբ պատերազմի պայմաններում հայ ժողովուրդը մնաց միայնակ՝ դեմ առ դեմ իրեն ոչնչացնել ցանկացող թշնամու հետ։ Սակայն կար հաղթելու անկոտրում կամք։ «Այսօր մեզ փորձում են համոզել, որ միակ ճանապարհը զիջելն ու ծնկի գալն է, առաջ է մղվում այն կեղծ թեզը, որ թշնամու ցանկությունները բավարարելով՝ կարելի է ապրել խաղաղ ու երջանիկ»,- նշեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ եթե 1918 թվականին առաջնորդվեին հակապետական և կապիտուլյացիոն կարգախոսներով, այսօր երկիր չէր լինի, չէր լինի ո՛չ Առաջին, ո՛չ էլ Երրորդ հանրապետությունը։
«Մայիսի 28-ը ոչ միայն հաղթական օր է, այլև խորհրդանիշն ու ապացույցն այն բանի, որ պարտությունը կարող է դառնալ հաղթանակ, եթե կա նպատակ և միասնություն։ Պետության հիմքը թշնամու երաշխիքներն ուողորմածությունը չեն, այլ սեփական ուժն ու արժանապատվությունը։ Մենք նահանջելու տեղ չունենք։ Իշխանության եկած ոհմակը՝ իր ձախողումներն արդարացնելու համար, փորձում է համոզել, որ հակազդելը նշանակում է պատերազմ։ Մենք պատերազմ չենք ուզում, դա սուտ է։ Մենք գիտենք խաղաղության գինը։ Մեր ձգտումն է կանխել պատերազմը, պաշտպանել սահմաններն ու երեխաներին։ Մեր երաշխիքը հզոր պետությունն է։ Դրա համար կա և՛ թիմ, և՛ ծրագիր»,- ընդգծեց քաղաքական գործիչը։











