Կիեւում, այսօր` մայիսի 3-ին, դաժանաբար ծեծել են ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիներից մեկին: Այս մասին նշված է կազմակերպության բլոգում: Մետրոյի «Կրեշչատիկ» կայարանի մոտ «Սեքս ռումբը «Եվրո-2012»-ին» ակցիայի ժամանակ անհայտ անձը հարձակվել է Դիանա Սենիչի վրա, հաղորդում է «Ռոսբալտը»:

«FEMEN-ի ակտիվիստուհի Դիանա Սենիչն ակցիայի ժամանակ ծեծի է ենթարկվել անհայտ անձի կողմից եւ տեղափոխվել հիվանդանոց: Ամենայն հավանականությամբ նա ուղեղի ցնցում է ստացել: Դեպքի վայրում գտնվող մարդիկ բռնել են հարձակվողին եւ հանձնել ոստիկանության ձեռքը»,- հաղորդել են FEMEN-ի ներկայացուցիչները:

Ակցիայի շրջանակներում ակտիվիստուհիներից մեկը մետրոյի կայարանի մոտ հանվել է, մնալով միայն վարտիքով: Նրան շրջապատել են FEMEN-ի այլ ակտիվիստուհիներ` վարդագույն կոմբինիզոններով, որոնք անցորդներին զգուշացնում են «սեքս բումբի» առկայության մասին:

Այս ակցիայով ֆեմինիստուհիները նախազգուշացնում են, որ «Եվրո-2012» առաջնությունն Ուկրաինայում կնպաստի մարմնավաճառության աճի եւ սեքս-տուրիստների հոսքի: