Տպավորությունն այնպիսին է, որ ամեն ինչ գնում է դեպի աշխարհաքաղաքական երկրաշարժ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Սպիտակի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում։

Քաղաքական գործիչը հայտարարել է մինչև վերջ գնալու պատրաստակամության մասին, քանի որ «պատմական պահ է»։ «Եթե հիմա բան չփոխենք երկրում, լրջագույն հարցեր ենք ունենալու։ Ահազանգերն արդեն կան։ Տպավորությունն այնպիսին է, որ ամեն ինչ գնում է դեպի աշխարհաքաղաքական երկրաշարժ», - նշել է Քոչարյանը։

Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահն ընդգծել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հայկական կողմն այնքան ուժեղ էր, որ ադրբեջանցիները չէին համարձակվում առաջնագծում որևէ քայլ ձեռնարկել։ «Ոչ մի միջադեպ չկար, որովհետև հակառակորդը գիտեր՝ կլինի շատ լուրջ պատասխան՝ իր համար ծանր հետևանքներով», - հիշեցրել է Քոչարյանը՝ արձանագրելով, որ Փաշինյանը Ալիևին Արցախում թողել է 5 մլրդ դոլարի զենք, և դա երկուսն էլ ընդունում են։

Քաղաքական գործչին մոտեցել է մի տղամարդ, որը հայտարարել է, թե հավատում է Փաշինյանին և Քոչարյանից պահանջել է պատասխանել, թե ինչու նա անօդաչու սարքեր չէր գնում։ Հարցը ներկաների ծիծաղն է առաջացրել․ անօդաչու սարքերն աշխարհում առաջին անգամ սկսել են կիրառվել 2017-18 թվականներին, այսինքն՝ Քոչարյանի պաշտոնաթողությունից շատ ավելի ուշ։

«Ես էլ կարող եմ մեղադրել ներկայիս իշխանություններին՝ 2018-ից հետո ինչո՞ւ չգնեցին, ո՞ւր վատնեցին։ Անօդաչու սարքերի փոխարեն բանակում սկսեցին ելակի ռեֆորմը։ Գեներալներին և գնդապետներին վռնդեցին բանակից։ Պարտության պատճառը հենց սա է, տապալեցին բանակցային գործընթացը և, ըստ էության, ամեն ինչ արեցին, որպեսզի Ալիևը պատերազմ սկսի։ Սադրեցին և պարտվեցին, որովհետև չէին հասկանում, թե ինչ են անում», - ընդգծել է Քոչարյանը։

Անդրադառնալով երեկվա զորահանդեսի թեմային՝ քաղաքական գործիչը նշել է, որ բանակը քարոզչական նպատակներով օգտագործվել է միայն 1996 թվականին․ շքերթ արեցին, որից անմիջապես հետո գնացին ընտրությունների։ «Բոլորը գիտեն, թե ինչով ավարտվեց։ Հայաստանի պատմության մեջ ամենավատ ընտրությունները։ Հիմա էլ նույնը կլինի իշխանությունների համար։ Բանակը վերածեցին քարոզչության գործիքի», - եզրափակել է Քոչարյանը։