Ոչ մի կուսակցություն չի կարող միայնակ իրականություն դարձնել հասարակության սպասելիքները: Այս մասին, այսօր` մայիսի 3-ին, Աջափնյակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ ղեկավար, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, միաժամանակ հավելելով, որ ՀՀԿ-ն հզոր ուժ է ու ունակ է իրականացնել իր առաքելությունը:
«Քարոզարշավի ժամանակ եղել են ոգեւորության եւ հիասթափությունների պահեր, եղել են նաեւ սթափ ու չափազանցված գնահատականներ: Որոշ ընտրողների դա հասցրել է ձանձրացնել: Շատերը նախապես գիտեին` ում օգտին են քվեարկելու:
Այդուհանդերձ, յուրաքանչյուր կուսակցություն հնարավորություն է ստացել իր խոսքն ասել ընտրողներին»,-հայտարարել է երկրի ղեկավարը:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցում է 9 քաղաքական ուժ:



























