«Ես կցանկանայի նշել մի բան, որը չափազանց կարևոր եմ համարում. ռուս և հայ ժողովուրդներին կապում են ընկերության կապերը՝ առանց որևէ չափազանցության, և հատուկ հարաբերությունների կապերը դարերի ընթացքում»։ Այսօր՝ մայիսի 29-ին, Եվրասիական տնտեսական ֆորումի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ճակատագրի քննարկման մասին հարցին։

«Մենք հատուկ հարաբերություններ ունենք՝ Ռուսաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և հայ ժողովրդի միջև։ Ես դա Նիկոլ Վովաևիչին էլ եմ ասել, նա կհաստատի դա։ Ես նրան ասացի, որ այն ամենը, ինչ լավ է հայերի համար, ընդունելի է և լավ է Ռուսաստանի համար։

Արեք այնպես, ինչպես հարկ եք համարում՝ ելնելով հայ ժողովրդի շահերից»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ ինչպիսի որոշումներ էլ որ դրանք լինեն, դա չի փչացնի հումանիտար, քաղաքական կապերը։

«Բայց տվյալ դեպքում խոսքը զուտ տնտեսական սուբստանցիաների մասին է։ Ամեն ինչ պետք է հաշվարկել, ուշադիր նայել և որոշումներ ընդունել։ Ես արդեն հիշատակել եմ դրա մասին։ Ուկրաինայի ճգնաժամը ժամանակին սկսվեց Ուկրաինան ԵՄ-ին միացնելու փորձերից։ Մենք դեմ չէինք։ Սակայն ասում էինք. լսեք, օրինակ՝ ֆիտոսանիտարական նորմերը լիովին տարբեր են։ Դա նշանակում է մուտք դեպի շուկա։ Ռուսաստանում դեռ Խորհրդային Միության ժամանակներից, հետևաբար նաև այսօրվա ԵԱՏՄ բոլոր երկրների համար ֆիտոսանիտարական նորմերը շատ ավելի խիստ են, քան Եվրոպայում։

Մեզ մոտ, օրինակ, սահմանափակումներ կան գենետիկորեն ձևափոխված մթերքների վերաբերյալ։ Մեզ մոտ մարդիկ չեն ուզում գենետիկորեն ձևափոխված մթերքներ ուտել։ Դե, չեն ուզում։ Եվ մենք ստիպված ենք դա հաշվի առնել։ Դեռևս չկան այնպիսի խոր հետազոտություններ այն հետևանքների մասին, որոնք վերոնշյալ մթերքների օգտագործումը կարող է թողնել մարդու վրա։

Տեխնիկական նորմատիվները բոլորովին տարբեր են։ Ինչ-որ մեխանիզմներ մեզ մոտ հնարավոր կլինի վաճառել, ինչ-որ մեխանիզմներ՝ անհնար կլինի։ Նույնիսկ ըստ պողպատի տեսակների և այլն։ Այսինքն՝ շատ բաներ կան, որոնք այսօրվա դրությամբ պարզապես համադրելի չեն։ Դրանք չեն կարող միասին գոյություն ունենալ։ Դա չի նշանակում, որ մենք դեմ ենք։ Մենք կողմ ենք, բայց դա ժամանակ և կապիտալ ներդրումներ է պահանջում, որովհետև, ասենք, Եվրոպայում ինչ-որ ստանդարտներ ապահովելու համար, որոնք, հավանաբար, ավելի առաջադեմ են, քան մեզ մոտ, մենք պետք է գումարներ ներդնենք, որպեսզի նմանատիպ արտադրանքի թողարկում ստեղծենք։ Եվ, հակառակը, ի դեպ, ասած։

Այդ պատճառով՝ հենց այսօրվանից վաղը մեկը մյուսի հետ համատեղելը գործնականում անհնար է։ Ուստի ստիպված կլինենք ինչ-որ տեղ, մեծ հաշվով, գործնականում դադարեցնել մեր ամբողջ աշխատանքը տնտեսության ոլորտում, տվյալ դեպքում՝ Հայաստանի հետ, որը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացներին։ Ահա Դուք հարցրեցիք, թե որն է առավելությունը։

Մենք այդպես ենք տեսնում այդ առավելությունները»,- ասել է Ռուսաստանի նախագահը։