Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ նախագահ Սերժ Սարգսյանին բանավեճի է կանչում` տնտեսական հարցերի շուրջ: Մայիսի 3-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում Հրանտ Բագրատանը նշել է, թե գործող իշխանությունը վախեցավ եւ հրաժարվեց մասնակցել բանավեճի:
«Ես կրկնում եմ իմ հրավերը վարչապետին եւ Սերժ Սարգսյանին բանավիճելու»,- նշել է Բագրատյանը եւ հավելել, որ հանրապետականների հայտարարություններում չկա որեւէ փաստ, որ համապատասխանի իրականությանը:
Բագրատյանը նաեւ նշեց, որ մարզեր կատարած այցելությունների ընթացքում տեսել են մի շարք սարսափելի երեւույթներ, աղքատ ժողովուրդ: «Իշխանությունը ժողովրդին ասում է. «Դուք պիտի աղքատ լինեք, որ 10-15 հազարի համար մեր ոտքերը համբուրեք: Դուք պիտի գնաք դրսում աշխատեք, փող ուղարկեք, որ մենք առանձնատներ կառուցենք»,- արձանագրել է Բագրատյանը` ասելով. «Հետեւում Հայաստանն է, էլ նահանջելու տեղ չկա»:
«Մայիսի 6-ին գնում ենք ու մի մարդու պես ձայնը տալիս ենք Հայ ազգային կոնգրեսին: Ոչ մի ձայն ՀՀԿ-ին: Ռուսի ասած, դոստալի, հերիք ա, էդ տեսակի էվոլյուցիան պետք է կանգնեցվի, մենք պետք է հաղթենք, մայիսի 6-ից հետո կա 7-ը, 8-ը, դրանց վերջը գալիս է, ժողովուրդ»:
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է, թե «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի մայիսի 6-ին ոչ միայն պատգամավոր է ընտրելու, այլեւ գծելու է նոր կառավարությունը, տնտեսական զարգացման հեռանկարը, իր ընտրությամբ մեծացնելու կամ փոքրացնելու է աշխատատեղ ունենալու կամ կորցնելու հավանականությունը, Հայաստանում ապրելու, կամ արտագաղթելու հավանականությունը»:
Նրա խոսքով, Սերժ եւ Տիգրան Սարգսյանների հանրապետական ապաշնորհ կառավարությունը պետք է ոչ միայն հեռանա, այլեւ կառավարություն կազմելու ՀՀԿ-ի հնարավորությունը պետք է արմատախիլ արվի: «Սրա համար անհրաժեշտ է, որ կոալիցիան պարտվի ընտրություններում: Սրա համար հարկավոր է, որ Կոնգրեսն առաջին տեղը գրավի ընտրություններում: Իրատեսակա՞ն է արդյոք այս խնդրի լուծումը: Մարզային հանդիպումների ընթացքը գնահատելով կարող եմ ասել, որ Կոնգրեսը ունի այդ հնարավորությունը»,-ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ ՀԱԿ-ի ձեւավորելիք կառավարությունը Հայաստանի փողոցները մաքրելու է օլիգարխական սպասարկուների, սափրագլուխների ներկայությունից: «Կոնգրեսը ինքը կռիվ կտա օլիգարխների ու սափրագլուխների դեմ, բայց մենք ձեզանից վստահության քվե ենք ուզում»,- ասել է Փաշինյանը:




























