Եթե ուկրաինական իշխանությունները համաձայնեն, ապա Ռուսաստանը պատրաստ է իր տարածքում կազմակերպել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի բուժումը: Այս մասին, այսօր` մայիսի 3-ին, հայտարարել է Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Եթե Յուլյա Վլադիմիրովնան հնարավոր համարի եւ եթե Ուկրաինայի իշխանությունները, մեր ուկրաինացի գործընկերները համաձայնեն, մենք հաճույքով կընդունենք Յուլյա Վլադիմիրովնա Տիմոշենկոյին Ռուսաստանում նրա բուժումը կազմակերպելու նպատակով»,-հայտարարել է Պուտինը:

Ուկրաինայում ռուսական առաջարկն ընդունել են առանց առանձնակի ոգեւորության: Բանտարկյալների բուժումն արտասահմանում կազմակերպելը նախատեսված չէ Ուկրաինայի օրենսդրությամբ, հայտարարել են այդ երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում: Ինքը` Տիմոշենկոն այդ առաջարկը որեւէ կերպ չի մեկնաբանել:

Տիմոշենկոն շարունակում է հացադուլը, թեեւ նրա բազմաթիվ կողմնակիցներ կոչ են արել հրաժարվել պայքարի այդ ձեւից, հաղորդել է NEWSru.com-ը` վկայակոչելով ուկրաինական լրատվամիջոցները:

«Նա հացադուլի մեջ է արդեն 14 օր եւ արդեն բավական նիհարել է: Տիմոշենկոն չի շարժվում, միայն պառկած է»,-ասել է նրա փաստաբար Սերգեյ Վլասենկոն: