Գործընկերներից տեղեկատվություն ստացել ենք, ի գիտություն ենք ընդունում, իսկ նրանց հետ աշխատում ենք ըստ անհրաժեշտության։ Նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ ենք, ոչ ավելին։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Այսպես է նա պատասխանել ռուսաստանյան կողմից ստացված նամակի վերաբերյալ հարցին, որը վերաբերում էր Հայաստանի համար գազի թանկացմանը։
Ըստ ՏԿԵ նախարարի, Մոսկվայից ստացված նամակի բովանդակությունը «բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին ներկայացվում է մամուլում»։
«Մամուլում այդ տեղեկատվությունը շատ ավելի սուր է ներկայացվում. կարծում եմ՝ դա նաև ուղղորդում են ընդդիմադիր շրջանակները, քանի որ կարծում են, որ այդպիսով նախընտրական քարոզարշավի ընթացքում և ընտրություններին կարող են հաջողության հասնել։ Իհարկե, այդպես չի լինի։
Մշտական կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, աշխատանքային հարաբերությունները նորմալ են, նամակի բովանդակությունն ի գիտություն ենք ընդունել, շարունակում ենք աշխատել»,- ասել է Դավիթ Խուդաթյանը։
Ինչ վերաբերում է նամակի բովանդակությանը, ըստ նախարարի, այն առաջինը ստացել է արտաքին գործերի նախարարությունը, և ինքը պատշաճ չի համարում այն բացահայտել ԱԳՆ-ից շուտ, որը կարող է մանրամասներ հայտնել, եթե դա նպատակահարմար համարի։











