Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի դադարում գովաբանել իրեն Արցախը հանձնելու որոշման համար՝ բերելով այդ քայլի «օգտակարության» նորանոր փաստարկներ։ Այսօր ընտրողների հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ զենք արտադրող միջազգային ընկերությունները Հայաստանին զենք չէին վաճառում, քանի որ այն կարող էր օգտագործվել «Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»։

Ելույթ ունենալով իր ընտրազանգվածի առաջ՝ Փաշինյանն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի սպառազինություն ձեռք բերելու թեմային և հարցրել, թե ինչու՞ Հայաստանը չէր կարողանում զենք գնել մինչև 2022 թվականը։ Բնականաբար, վարչապետն արդեն պատրաստի պատասխան ուներ.

«Այն նույն մարդիկ, այն նույն երկրները, որոնք սկսել են մեզ զենք վաճառել 2022 թվականից հետո, մինչև 2022-ը հետևյալն էին ասում. «Կներեք, մենք չենք կարող ձեզ զենք վաճառել երկու պատճառով»։ Առաջին պատճառն այն էր, որ մեզ ասում էին. «Դուք ՀԱՊԿ անդամ եք, և մենք չենք կարող ձեզ տեխնոլոգիական սպառազինություն տրամադրել, քանի որ վստահ չենք, որ այդ տեխնոլոգիաները չեն հայտնվի ՀԱՊԿ երկրների ձեռքում»։ Բայց սա նույնիսկ ամենակարևոր պատճառը չէր։

Երկրորդ պատճառն այն էր, որ մեզ ասում էին. «Մենք վստահ ենք, որ դուք այդ զենքը կօգտագործեք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»։

Խոսքը ղարաբաղյան հակամարտության մասին էր։ Այսինքն՝ մեզ ուղղակիորեն ասում էին, որ ղարաբաղյան հակամարտության պայմաններում չեն կարող մեզ զենք վաճառել, քանի որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ելնում են այդ սկզբունքից։

Ի՞նչ պատահեց 2022 թվականին, և ինչու՞ հենց 2022-ից սպառազինության շուկան սկսեց բացվել Հայաստանի համար, իսկ 2024-ին, փաստացի, բացվեց արդեն առանց որևէ սահմանափակման։

Տեղի ունեցավ երկու բան. նախ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի աջակցությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Արձանագրվեց, որ Խորհրդային Հայաստանի տարածքը լիովին համապատասխանում է անկախ Հայաստանի տարածքին, իսկ Խորհրդային Ադրբեջանի տարածքը՝ համապատասխանաբար անկախ Ադրբեջանին։

Դրանից հետո սպառազինության միջազգային շուկան մեզ ասաց. «Մենք այլևս խնդիր չունենք։ Տեսանք, որ դուք արեցիք այդ քայլը, և պատրաստ ենք սկսել ձեզ զենք վաճառել»։

Այնուհետև 2024 թվականից հետո, երբ սկսվեց սահմանազատման գործընթացը, ստորագրվեց ու վավերացվեց սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, իսկ Ալմա-Աթայի հռչակագիրը ստացավ դե յուրե պարտադիր իրավաբանական ուժ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, հարցը վերջնականապես փակվեց։

Զենքի վաճառքը հնարավոր դարձավ այն բանի շնորհիվ, որ ես հայտարարեցի՝ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը և չենք շարունակելու»։

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն արդեն ոչ թե պարզապես տարբեր երկրներից զենք գնելու մտադրություն է ցուցաբերում, այլ արդեն ունի գործող համաձայնագրեր։

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում ցուցադրվել են այն անօդաչու թռչող սարքերը, որոնց մատակարարման համար պայմանագրեր են կնքվել ԱՄՆ-ի հետ, իսկ ավելի ուշ դրանք ձեռք են բերվել։

«Զինվորական շքերթի ժամանակ մենք այդ համակարգերը չենք ցուցադրել, քանի որ դրանց մատակարարումը դեռ տեղի չի ունեցել։ Բայց սա ասում եմ նրա համար, որ այսօր հնարավորություն ունենք սպառազինության առևտուր անել նույնիսկ Միացյալ Նահանգների հետ։ Բացի այդ, 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Մեծ Բրիտանիան հանել է Հայաստանին զենք վաճառելու սահմանափակումները»,- հայտարարել է Փաշինյանը։