Մեզ բարդ ճանապարհ է սպասվում, որովհետև մենք պետք է միասին պայքարենք, որ բերենք բարեկեցություն։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Գյումրի քաղաքում աջակիցների առջև ելույթի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ, «Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

«Գյումրին մի քանի խնդիր ունի մեծ․ կա 2000 դոմիկ, կան մարդիկ, որոնք 21-րդ դարում դեռ ապրում են դոմիկներում։ Սա առաջին հարցն է, որը մենք պետք է լուծենք»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանի» երկրորդ խնդիրը վերաբերում է ծայրահեղ աղքատ բնակիչներին։

«Մենք 5 հոգանոց ընտանիք ունեցող ծայրահեղ աղքատ քաղաքացիներին աջակցություն է տրամադրվելու 150 000 դրամի չափով, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան դուրս գալ աղքատությունից։

Երրորդ հարցը աշխատատեղերն են։ Ժողովուրդ, մենք Հայաստանի ամենաաղքատ մարզում ենք։

Մենք չենք կարողանա լուծել աղքատության խնդիրը, եթե չստեղծենք աշխատատեղեր։

Մենք այս բարդ պարագայում աղքատությունը չենք կարող հաղթահարել, եթե չենք ստեղծում ուժեղ արդյունաբերություն, եթե Գյումրին չենք սարքում ներգնա տուրիզմի կենտրոն։

Լուրջ աշխատանք է պետք։

Դժվար օրեր են սպասվում։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի ամենաաղքատ մարզից Շիրակի մարզը դառնա ամենաբարեկեցիկ մարզը»,- ընդգծել է Նարեկ Կարապետյանը։