«Ասում ենք, որ որևէ ուժ չպետք է բացարձակ իշխանություն ունենա. նման իշխանություն տեսել ենք և՛ մինչև 2018 թվականը, և՛ 2018-ից մինչև 2026 թվականը»։ Այս մասին մայիսի 31-ին Գյումրիում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
«Որևէ ուժ չպետք է ունենա 50% + 1 ձայն. վարչապետը պետք է ընտրվի մի քանի ուժերի կոմպրոմիսի արդյունքում, որոնք պետք է մի կողմ դնեն քաղաքական էգոիզմը: Նման վարչապետը հաշվետու կլինի ոչ թե մեկ ուժի, այլ ողջ ժողովրդի առաջ:
Ընդդիմությանն առաջարկել եմ ընտրություններին մասնակցել Նիկոլ Փաշինյանի դեմ միասնական ցուցակով։ Ընդ որում՝ պատրաստ էի այդ ցուցակում չլինել։ Բանակցություններ ենք վարել ու տեսել, որ մարդիկ չեն կարողանում մի կողմ դնել անձնական էգոիզմը, ուստի որոշեցինք ընտրություններին մասնակցել առանձին։
Հիմա առաջարկում ենք քվեարկությունից հետո ընտրել կոմպրոմիսային վարչապետ և պատրաստ ենք ինքներս վարչապետի թեկնածու չառաջադրել մեր կուսակցությունից։ Պատրաստ ենք մի կողմ դնել անձնական էգոիզմը։ Այս քննարկումները կարող են սկսվել հունիսի 7-ից հետո։
Պատրաստ կլինենք խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի հետ քննարկել կոմպրոմիսային վարչապետ ընտրելու հարցը։ Դրանում խնդիր չեմ տեսնում։ Ընդհակառակը՝ խնդիր եմ տեսնում նրանում, որ այդ ուժերը կարող են հայտարարել, թե պատրաստ չեն դրան»,- նշել է Մարուքյանը։
Նա ընտրողներին կոչ է արել չլսել այն ընդդիմադիր ուժերին, որոնք խոսում են միայն հաղթանակի մասին, քանի որ դա, ըստ նրա, նշանակում է, որ այդ ուժերը պլան «Բ» չունեն։
«Մենք ունենք պլան «Բ»։ Այն կայանում է նրանում, որ ժողովուրդը պետք է ընտրի այնպիսի ուժի, ինչպիսին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է, որպեսզի այն խորհրդարանում կարողանա գործարկել հակակշիռների մեխանիզմը։ Հույս ունեմ, որ ժողովուրդը 2021 թվականին դասեր է քաղել։ Մենք մեր դերը կխաղանք նրանում, որպեսզի նախկինները չվերադառնան, և Փաշինյանը երրորդ անգամ չընտրվի»,- հավելել է Մարուքյանը։











