Հայաստանի կանայք, ընդհանուր առմամբ, սկսում են իրենց սեռական կյանքն ամուսնության հետ համատեղ, իսկ տղամարդիկ` ավելի վաղ: Այդ մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ` հիմնված Հայաստանի Ժողովրդագրության եւ Առողջության հարցերի հետազոտության վրա:

30-49 տարեկան տղամարդիկ նշել են, որ իրենց առաջին սեռական հարաբերությունն ունեցել են  20.1 տարեկանում, ինչը շուրջ 5 տարով առավել վաղ է, քան նրանց ամուսնության տարիքը: Առաջին սեռական հարաբերության ժամանակ կանանց մեդիան տարիքը կազմել է 21.1, իսկ տղամարդկանցը` 20.2:

Ըստ այդ հետազոտության` ամուսնության միջին տարիքը 25-49 տարեկան կանանց շրջանում կազմել է  21.1, իսկ 30-49 տարեկան տղամարդկանց մոտ` չորս տարով առավել`25.8: Տարիքն առաջին ամուսնության ժամանակ աճում է կրթական մակարդակին զուգընթաց: Բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում առաջին ամուսնության մեդիան տարիքը կազմել է 24, իսկ միջնակարգ կրթություն ունեցողների շրջանում` 19.5: