«Ժողովուրդն 8 տարի առաջ փողոց դուրս եկավ կյանքը դեպի լավը փոխելու համար, բայց փոխարենը բախվեց մահվան, արցունքների և հայրենազրկման»։ Այս մասին մայիսի 31-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում ընդգրկված Սևակ Խաչատրյանը։
«2021 թվականին մեր քաղաքական թիմը զգուշացնում էր, որ իշխանությունների վերընտրվելու դեպքում Հայաստանին ու Արցախին նոր աղետ է սպասվում։ Ցավոք, հիմա էլ կան մարդիկ, որոնք հավատում են ստի քարոզչությունը շարունակող չարիքի իշխանությանը։
«Հայաստան» դաշինքի իշխանության գալու դեպքում զինծառայողների աշխատավարձերն էապես կբարձրանան, իսկ սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության համար պետական աջակցության չափը կավելանա։
Բացի ընդդիմադիրների վրա հարձակումներից, իշխանությունները հայկական ինքնության հետ կապ ունեցող որևէ ծրագիր չեն ներկայացնում։ Ընդհակառակը՝ նախընտրական ծրագրում իշխանությունները կոչ են արել իրենց ձայն տալ, որպեսզի քանդեն Հայ Առաքելական եկեղեցին և նոր տարածքներ հանձնեն։ Հունիսի 7-ին պետք է թույլ չտալ այս ամենը։
Ընտրություններին մասնակցելը պարտադիր է, որպեսզի հունիսի 7-ից հետո փողոցում որևէ մեկը, ինչ-որ մոլագար, ձեզ չհարցնի՝ ինչու՞ չես զոհվել։
Ես նրանց հարցնում եմ. «Ինչու՞ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ոչ ոք չմասնակցեց հայրենիքի պաշտպանությանը, նույնիսկ թեթև վիրավորում չստացավ»։ Որովհետև ձեզնից ոչ ոք այնտեղ չի եղել։
Ընտրություններին մասնակցելը պարտադիր է, որպեսզի հունիսի 7-ից հետո Հայաստանի գյուղացիները բերքի իրացման խնդիրներ չունենան, որպեսզի ուսանողներն ունենան անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն։
Այս մարդիկ իշխանության են եկել ստով, կառավարում են ստով, իսկ հիմա էլ ստի քարոզչություն են իրականացնում»,- նշել է Խաչատրյանը։











