Ուղիղ մեկ շաբաթ անց մենք Հայաստանում իշխանությունից կհեռացնենք Ալիևի խամաճիկին, հունիսի 7-ը իշխանափոխության օրն է, մեր եկեղեցու պաշտպանության օրը, այն օրը, երբ անհրաժեշտ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին մայիսի 31-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում ընդգրկված Աննա Գրիգորյանը։

«2021 թվականի ընտրությունները ճակատագրական էին Արցախի համար, իսկ 2026 թվականի ընտրությունները ճակատագրական են Հայաստանի համար։ Մենք կանգնած ենք Հայաստանի և «Արևմտյան Ադրբեջանի» միջև ընտրության առաջ։ Եվ մենք կընտրենք Հայաստանը։

Վերջին տարիները եղել են անկախ Հայաստանի պատմության ամենածանր տարիները, ժողովուրդը ականատես է դարձել էթնիկ զտման։ Մենք փաստորեն առցանց ռեժիմով հետևում էինք, թե ինչպես մեր հայրենակիցները ենթարկվեցին էթնիկ զտման, և ինչպես մարդկանց վտարեցին Արցախից։ Այս ողբերգության համար մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։ Իշխանությունները պետք է պատասխան տան այն ամենի համար, ինչ արել են հայ ժողովրդի հետ։

Որքան մեծ լինի ընտրություններին մասնակցությունը, այնքան ավելի հեշտ կլինի հեռացնել Ալիևի ամենամարտունակ զենքին՝ Նիկոլ Փաշինյանին։

Գնա՛ ընտրությունների և ընտրի՛ր Հայաստանը, որպեսզի խաղաղություն լինի, որպեսզի մեր բոլոր գերիները վերադառնան, և բոլոր քաղբանտարկյալներն ազատ արձակվեն, որպեսզի կրթությունն անվճար և որակյալ լինի, որպեսզի պաշտպանենք մեր եկեղեցին, Արարատը, մեր Սահմանադրությունը, որպեսզի Հայաստանը չդառնա տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների բախման թատերաբեմ, որպեսզի հայ մարդը վերականգնի իր արժանապատվությունը»,- նշել է Գրիգորյանը։