«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ընթացքում զգալի, բազմապիսի և տարաբնույթ աջակցություն է ցուցաբերել։ Այս մասին հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին և անդրադառնալով իշխանությունների այն քննադատությանը, թե պատերազմի ժամանակ Սամվել Կարապետյանը սահմանափակվել է միայն հայտարարություններով։
Նա պարզաբանել է, որ միշտ զսպվածություն է դրսևորել 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանական համակարգին կամ մարտական գործողություններին առնչվող զգայուն հարցերին պատասխանելիս։ Զինված ուժերին ցուցաբերված աջակցության մասին տեղեկատվությունը զգայուն բնույթ է կրում և պարունակում է պետական կամ ծառայողական գաղտնիք, ուստի նախկին նախարարը հրաժարվել է որևէ մանրամասն հայտնել կոնկրետ օգնության վերաբերյալ։
«Միևնույն ժամանակ, բարձր գնահատականի է Զինված ուժերին տրամադրված արժանի ցանկացած բարեգործություն և աջակցություն, որոնք 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերվել են բոլոր անձանց և կազմակերպությունների կողմից։ Դա հավաքական ներուժ էր, որն օգուտ բերեց բանակին։ Սա, մասնավորապես, վերաբերում է նաև Սամվել Կարապետյանի աջակցությանը, որը եղել է զգալի, բազմապիսի և տարաբնույթ։ Այն եղել է թե՛ մինչև 2018 թվականը, թե՛ 2018 թվականից մինչև ռազմական գործողությունների սկիզբը։ Հուսով եմ, որ այդ աջակցությունն այսօր էլ կա։ Այն օգնությունը, որ նա ցուցաբերել է իր հնարավորությունների սահմաններում, կարելի է բավականին օգտակար համարել»,- նշել է Տոնոյանը։
Նա հայտնել է, որ անձամբ որոշակի բանակցություններ է վարել Սամվել Կարապետյանի հետ՝ հավելելով, որ նրա աջակցությունը նույնպես արժանի է բարձր գնահատականի։ «Զինված ուժերը, տարբեր գնահատականներով, պատերազմի ժամանակ օրական ծախսում էին 3 միլիոնից մինչև 30 միլիոն դոլար»,- եզրափակել է Դավիթ Տոնոյանը։











