Գերմանիայի և Նորվեգիայի նախարարները երկուշաբթի ստիպված են եղել չեղարկել իրենց այցը Բեյրութ՝ քաղաքին հասցվող Իսրայելի շարունակական հարվածների ֆոնին, հայտնել են գերատեսչությունների մամուլի ծառայություններից։

Միջազգային զարգացման հարցերով գերմանացի նախարար Ռիմ Ալաբալի-Ռադովանը և նրա նորվեգացի գործընկեր Օսմունդ Աուկրուստը ստիպված են եղել ընդհատել թռիչքը և վերադառնալ Բերլին «ռազմական բնույթի նկատառումներով», երբ նրանք արդեն մոտենում էին Բեյրութի օդանավակայանին՝ «արագորեն վատթարացող իրավիճակի» պատճառով, Ֆրանսպրես գործակալությանը հայտնել է Ալաբալի-Ռադովանի ներկայացուցիչը։

Նախարարները հույս ունեին այս այցն իրականացնել լիբանանցի ժողովրդին համերաշխություն հայտնելու համար, սակայն նրանց գերմանական ռազմատրանսպորտային ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Կիպրոսում՝ նախքան Բերլին վերադառնալը, հաղորդում է նորվեգական VG օրաթերթը։

Նորվեգիայի կառավարության ներկայացուցիչը  Ֆրանսպրես գործակալությանը հաստատել է, որ ուղևորությունը չեղարկվել է։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելական բանակին կոչ էր արել հարվածներ հասցնել Բեյրութի հարավային մասին։