Պակիստանում ահաբեկչության զոհ է դարձել 16 մարդ, 40-ը վիրավորվել են: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 11 զոհի մասին: 

Մահապարտը պայթեցրել էր իրեն` մոտենալով Թեքսիլ Հար քաղաքի տեղական շուկայի մոտ գտնվող ոստիկանական կետին: Նրա գլխավոր թիրախն են եղել  իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Զոհվածների մեջ կան 5 ոստիկաններ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Դեռեւս ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Քաղաքը գտնվում է Աֆղանստանին սահմանամերձ Բաջաուր  ցեղային շրջանում, որտեղ չեն գործում դաշնային օրենքները, եւ չի տարածվում ոստիկանության ազդեցությունը:

Ցեղախմբային գոտին ապաստան է դարձել  իսլամիստ-գրոհայինների խմբավորումների համար, որոնք հանդես են գալիս հարեւան Աֆղանստանի վարչակարգի եւ պակիստանյան իշխանությունների դեմ: