Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիկ Ռուզաննայի ընտանիքը տարիներ շարունակ ծաղիկ է աճեցնում և արտահանում Ռուսաստան։NEWS.am-ի հետ զրույցում Ռուզաննան պատմում է՝ վերջին շրջանում Ռուսաստանի կիրառած սահմանափակումների պատճառով անելանելի դրության մեջ են հայտնվել․ ջերմոցը կառուցելու, ծաղիկը մշակելու համար հսկայական վարկեր են վերցրել, սակայն արդեն մի քանի ամիս է՝ ծաղիկը չեն կարողանում ո՛չ արտահանել, ո՛չ ներքին շուկայում վաճառել։
«Ամբողջ ջերմոցը ծաղկած մնացել է։ Չգիտենք՝ ինչ ենք անելու, մեր հույսն այն էր, որ Ռուսաստանի հետ նորից ամեն ինչ լավ կլինի, ծաղիկը կարտահանվի, բայց եթե Ռուսաստան չգնաց, ընդհանրապես չի ծախվելու։ Չեմ կարծում, որ համագործակցեն, ուրիշ երկրներում ծախվի։ Ռուսաստան կոկոմներն էինք ուղարկում՝ 80-100 դրամով, ձեռք էր տալիս, ծաղիկներն էլ այստեղ էինք վաճառում՝ փունջը 1000 դրամով։ Հիմա 300 դրամով էլ չի վաճառվում, որտե՞ղ ծախենք»,-ասում է Ռուզաննան։
Ռուզաննան շեշտում է՝ ոչ միայն ծաղիկը չի արտահանվում, այլև միրգն ու բանջարեղենը, այդ պատճառով էլ չգիտեն, ինչի մշակությամբ զբաղվեն, որպեսզի դուրս գան ստեղծված իրավիճակից։
«Միլիոնների վարկեր ենք վերցրել, չգիտենք՝ ինչ անել։ Մեր մարզում ում տուն մտնենք, բոլորի բակերում մեծ ջերմոցներ են, բոլորս նույն վիճակում ենք, բոլորս նույն խնդիրն ունենք։ Այն հույսն ունեինք, որ կվաճառվի ծաղիկը, հա՛մ մեր ապրուստը կլինի, հա՛մ վարկերը կվճարենք, բայց հիմա ո՛չ մեկն է լինուն, ո՛չ էլ մյուսը»,-ասում է Ռուզաննան։
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից լոլիկի, վարունգի, պղպեղի, ելակի ներմուծումը, արգելել է «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև ծաղիկների ու ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։











