Այսօր Իրանում տեղական ժամանակով 08:00-ին սկսվել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը:

Օրենքին համապատասխան` քվեարկությունը կշարունակվի մինչեւ ժամը 18:00-ն, բայց անհրաժեշտության դեպքում ներքին գործերի նախարարը կարող է երկարաձգել քվեարկության ժամանակը:

Ընտրություններին մասնակցում են 130 թեկնածուներ 33 ընտրական տարածքներից: Նրանցից միայն 65-ը կանցնեն երկրի խորհրդարան:

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին առաջիններից մեկն է քվեարկել երկրորդ փուլում: Խամենեին մարդկանց հորդորել է  լուրջ վերաբերվել քվեարկությանը, ավելացնելով, որ  երկրում խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարեւոր գործ է, հայտնում է «Կովկասի բանբերը»:

Իրանում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր մարտի 2-ին: Իրանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ: Նախորդ VIII  գումարման խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել 2008 թվականի մարտի 14-ին: Ալի Լարիջանիի նախագահությամբ խորհրդարանում ներկայումս կան 290 պատգամավորներ:

Նոր գումարման խորհրդարանի նստաշրջանը նախատեսվում է 2012 թվականի մայիսի 27-ին: մինչեւ խորհրդարանի նստաշրջանի բացումը պատգամավորները երդվում են:  Մահմեդական պատգամավորները երդվում են Ղուրանի վրա, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` իրենց սուրբ գրքի: 

Ընդհանուր առմամբ, Իրանում ընտրելու իրավունք ունի 48 միլիոն մարդ: