Էջմիածին-Առատաշեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ում, մայիսի 3-ին, տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Հայաստանի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին պատկանող «ԳԱԶել» մակնիշի ՊՆ 1819Տ համարանիշի եւ «Tager» մակնիշի E500MT23 համարանիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել եւ Էջմիածնի հիվանդանոց տեղափոխվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 21-ամյա շարքային Մ. Դավթյանը, ուղեւոր` 31-ամյա մայոր Վ. Մուղդուսյանը, «Tager» մակնիշի  ավտոմեքենայի վարորդ` 59-ամյա Ալեքսանդր Ստեմինը եւ ուղեւոր` 56-ամյա Գալինա Անատոլինան:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ասֆալտի մաքրման աշխատանքներ: