Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով. այս խնդիրը ռազմական լուծում չունի: Այս մասին այսօր` մայիսի 4-ին, Երեւանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն:

Հարցին, թե ինչպես է վերաբերում միջազգային հանրությունը, մասնավորապես, Ուրուգվայը, Ադրբեջանի ագրեսիվ ու սադրիչ գործողություններին, նա պատասխանեց, որ իր երկիրը խստորեն դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման ցանկացած դեպք եւ ագրեսիա: «Դա անթույլատրելի է, մենք դատապարտում ենք նման գործողությունները»,-ասաց Ուրուգվայի ԱԳ նախարարը:

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին օրերին ադրբեջանական կողմը մի շարք սադրիչ գործողություններ է իրականացրել, մասնավորապես, ղարաբաղյան ուղղությամբ կրակ է բացել սանիտարական մեքենայի, Տավուշի մարզի Դովեղ գյուղի մանկապարտեզի վրա, ինչպես նաեւ դիվերսիոն գործողություն է իրականացրել, որին զոհ է գնացել 3 հայ զինծառայող: