Ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը պետք է հիմնականը լինի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Այս մասին, այսօր` մայիսի 4-ին, Երեւանում, մամուլի ասուլիսում հայտարարեց Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն:

Նա նշեց, որ ԼՂ բնակչությունը սերտորեն կապված է Հայաստանի հետ եւ ընդգծեց, որ ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի դրույթներից մեկն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ: «Դա պետք է հաշվի առնել այս խնդրի լուծման ժամանակ: Ուրուգվայը նաեւ դատապարտում է միլիտարիստական հայտարարությունները»,-ասաց Ուրուգվայի ԱԳ նախարարը, հավելելով, որ միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմաթիվ անգամ արտահայտվել են այդ կապակցությամբ: «Իր ճակատագիրը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը»,-ընդգծեց նա: