Լեռնային Ղարաբաղում հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրվել է չորրորդ թեկնածուն: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ ինքնաառաջադրվել է անկուսակցական, ոչ մի տեղ չաշխատող 65-ամյա Վալերի Սերգեյի Խաչատրյանը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 19-ին: Ապրիլի 23-ին իր թեկնածությունն է առաջադրել գործող նախագահ Բակո Սահակյանը, իսկ ապրիլի 28-ին` Արցախի հերոս, Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վիտալի Բալասանյանը, մայիսի 2-ին` Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 50-ամյա Արկադի Իվանի Սողոմոնյանը:
Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մայիսի 5-ի ժամը 18:00-ն է:
ԼՂՀ-ի նախագահական նախկին ընտրությունները տեղի են ունեցել 2007 թվականի հուլիսի 19-ին: Նախագահ էր ընտրվել Բակո Սահակյանը, որն, ըստ պաշտոնական տվյալների, հավաքել էր ընտրաձայների 85,12 տոկոսը:




























