«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում իմ անդամակցության հարցը իսկապես քննարկվել է, նման հարց իսկապես եղել է, եւ նախագահը հայտնեց իր ցանկությունը, որ ես մնամ եւ աշխատեմ իր հետ, քանի որ ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացը ծայրահեղ վիճակում էր, եղել են նաեւ այլ հարցեր, եւ ես, բնականաբար, շարունակեցի աշխատել նախագահի հետ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ինքն է դեռ 2007թ. համոզել Օսկանյանին, որ չանդամակցի ԲՀԿ-ին:

Հարցին, թե դեռ այն ժամանա՞կ էր ուզում անդամակցել ԲՀԿ-ին եւ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, Օսկանյանը պատասխանել է. «Ես միշտ ասել եմ, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին արդեն որոշել էի իմ հետագա գործողությունները: Ես ասել էի, որ 10 տարի աշխատելուց հետո կթողնեմ պաշտոնը: Պատճառն այն է, որ մեր խնդիրները ոչ թե արտաքին են, այլ ներքին, եւ ուրախ եմ, որ դա բաց ասելու հնարավորություն է ստեղծվել»:

Հարցին, թե ինչպես է գնահատում Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունը, թե տվյալ պահին դրված է թագավորին պահպանելու խնդիր, Օսկանյանն ասել է. «Ես վատ եմ շախմատ խաղում»:

Հարցին, հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն իր թեկնածուին առաջադրի նախագահական ընտրություններում, Օսկանյանը պատասխանել է, թե այդ մասին հնարավոր է խոսել միայն խորհրդարանական ընտրություններից հետո: Նա նաեւ նշել է, թե տեղյակ չէ Մասիսում ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի համակիրների ծեծկռտուքի մանրամասներին:

Արդյոք համապաստախանում են իր հայտարարությունները ԲՀԿ-ի վարած քաղաքականության հետ եւ արդյոք ԲՀԿ-ն իմիտացիայի մաս է կազմել, հարցին, Օսկանյանն արձագանքել է. «Ինչ եղել, եղել է: Ցանկացած ծայրահեղ պահի, երբ պատմությունը հնարավորություն է տալիս ինչ-որ բան փոխել, պետք է աշխատել` փոխելու ստեղծված հնարավորությունը»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի