Հայաստանն ու Ուրուգվայը իրարից հեռու են հազարավոր կիլոմետրերով, բայց երկու երկրների ժողովուրդները շատ մոտ են իրար:
Այդ մասին, այսօր` մայիսի 4-ին, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը` Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի հետ համատեղ հանդիպման ժամանակ:
Հիշեցնելով, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ պատահական չէ, որ Լուիս Ալմագրոն իր այցն սկսել է Ծիծեռնակաբերդ այցելությունից: «Մենք երախտապարտ ենք Ուրուգվայի ժողովրդին եւ ղեկավարությանը, որ այդ պետությունը դարձավ Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը»,- ասել է նախարարը` հավելելով, որ մայիսի 27-ին Հայաստանն ու Ուրուգվայը նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը:
Նախարարը հայտնել է, որ ասուլիսից առաջ կայացած հանդիպմանը քննարկվել են հարցերի լայն շրջանակ:
Լուիս Ալմագրոն նկատել է, թե քաղաքական երկխոսությունը երկրների միջեւ կարելի է կայացած համարել: Խոսելով Ուրուգվայի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին` նախարարն ասել է, որ Ուրուգվայը չի սպասում եւ գործում է այնպես, ինչպես ճիշտ է համարում: «Հայաստանն ու Ուրուգվայը եղբայրական պետություններ են»,- ասել է նա:




























