Խոսքը վերաբերում է նրան, որ դասալիքը չի կարող զոհվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ մեկնաբանելով իր հանրահայտ հայտարարությունը, որը լայն հանրության կողմից ենթարկվել էր խիստ քննադատության և նույնիսկ ծաղրի։
Մասնավորապես, մայիսի 20-ին Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ արձակուրդում գտնվող Պապիկյանը հայտարարել էր. «Կալուգացի (այսպես է Պապիկյանն անվանել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին – խմբ.), քո գերդաստանում 6 չափահաս տղա կա։ Ինչո՞ւ նրանք չեն զոհվել ու չեն վիրավորվել հանուն Հայրենիքի։ Ո՞ր երկրի համար եք դուք պայքարում։ Դուք երբեք չեք մտահոգվել Հայաստանի համար։ Դուք դավադիր ստահակներ եք»։
Այն հարցին, թե այդ դեպքում, որպես պաշտոնատար անձ, ինքն ինչո՞ւ կյանքը չզոհաբերեց հանուն Հայրենիքի 44-օրյա պատերազմի ժամանակ, Պապիկյանը պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղում է գտնվել այնքան, որքան անհրաժեշտ է եղել՝ միևնույն ժամանակ հիշեցնելով, որ այդ օրերին զբաղեցնում էր ոչ թե պաշտպանության, այլ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։











