Ես չեմ ուզեցել հարվածել. Ամեն ինչ սկսվել է նրանից, որ եկել են, մեքենան կանգնացրել են, չգիտեմ, գուցե ուզում էին ինչ–որ բան սադրել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց երեկ՝ հունիսի 2–ին, Մասիսի Նոր Կյուրին բնակավայրում տեղի ունեցած միջադեպի անմիջական մասնակից, ԵԿՄ Մասիսի մասնաճյուղի նախագահ Արսեն Հարությունյանը։

«Ովքեր ինձ ճանաչում են, թող ասեն, որ ինքը մի անգամ կռիվ է արել, կամ ձայնը բարձրացրել է, մեկին վիրավորել է։ Եթե կգտնեք այդպիսի մարդ, ես ձեր եթերով էլ ներողություն խնդրեմ։

Ես ինքս խաղաղության կողմնակից եմ, ուղղակի մեզնից կախված չի եղել այդ միջադեպը։ Սադրել են, ես ուզեցել եմ, որ ամեն ինչ խաղաղ վերջանա։ Մենք մեր կյանքի մեծ մասը տվել ենք հայրենիքին, ինչի՞ պետք է կռիվ անենք։

Ես մեքենայի մեջ նստած եմ եղել, եկել ձեռքերով հարձակվել են մեզ վրա, վանկարկում էին՝  «Սամվել վարչապետ»։ Մենք մեքենայի միջից չենք արձագանքել։ Ուղղակի տղերքից մեկն ասեց՝ էս ի՞նչ են անում։ Անակնկալի ենք եկել։ Մենք հանգիստ գնացել ենք, ծաղիկներ են դրել մեր ընկերների շիրիմներին, հարգանքի տուրք ենք մատուցել»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ տեսանյութում երևում է, որ ինքն էլ է հարվածներ հասցնում և առնվազն երկու հոգի մարմնական վնասվածք է ստացել և դիմել հիվանդանոց, Հարությունյանն ասաց. «Կան իրավապահ մարմիններ, թող զբաղվեն, ով է սադրել, ինչի՞ պիտի մեր մեքենայի դեմը կտրեն, ինչի՞ պիտի գա մտնի մեր մեքենայի մեջ, ինչ-որ բաներ պահանջի, ասի՝ պատասխան եք տալու այսինչի, այնինչի համար, մեզ թուրք անվանեն, ինչի՞ համար։ Մենք այդպես չենք ապրել մեր կյանքը։ Մենք հիմա էլ ենք ապրում, հանգիստ ու խաղաղ։

Ես ոչ մեկին ոչ հարվածել եմ, ոչ էլ պատրաստվել եմ հարվածել, ես ձեզ երդվում եմ, հնարավոր է՝ հրեմ, որ նստի ավտոն։

Սա միջադեպ է, եղել է, կանցնի, ուղղակի այդ տղան շատ կոպիտ էր պահում իրեն։ Կգնաք իրեն կհարցնեք, ես իջել եմ, 5 անգամ իրեն խնդրել եմ, ասել եմ՝ գնա էլի։ Ես իրեն չեմ ճանաչում։ Ինքը եկել է կանգնել, ասել է՝ պատասխան եք տալու միայն նրա համար, որ մեկը ձեռքի շարժումով ասել է՝ էս ի՞նչ են անում։ Մեքենան քշել, եկել է մեր մեքենայի կողքը կանգնել է, երկու ձեռքով շատ բարձր տոնով գոռում է՝ դու պատասխան ես տալու։ Ու դա մատ բարձրացնելու համար, զարմանք արտահայտելու համար։

Ես իջել եմ, ասել եմ՝ ախպեր ջան, գնա, շարունակի քո ճանապարհը, մենք էլ գնանք մեր ճանապարհով, ի՞նչ ես ուզում, մենք քեզ ոչինչ չենք ասել, գնա։ Ինքն ասել է՝ բա հլը իջեք ավտոյից։ Ինքը իջել է առաջինը, մոտեցել է, մեր ընկերն էլ է իջել, ես էլ մոտեցել եմ, խնդրել եմ գնա։ Երևի ինձ էլ չէր ճանաչում ինքը, ու այդպես ստացվեց, ոչ մեկ չի ուզեցել մեր կողմից կռիվ լինի։

 Ընտրարշավ է, թող գոռան, բայց ձեռքերով, դրոշակներով մոտեցել են, ղժժում են, ճչում են, կանայք։ Ասում եմ՝ այս ի՞նչ է կատարվում, ուղարկված են, թե դիտավորյալ են անում։

Այդ պահին միայն մեր մեքենան էր, ինձ հետ էր իմ մարտական ընկերը»,– ասաց նա։

Հարցին՝ արդյոք արդեն իրեն հարցաքննել են այս գործով, ԵԿՄ նախագահ բացասական պատասխան տվեց. «Դեռ ոչ, բայց ես պատրաստ եմ։։ Իրավապահը թող այդ տղային էլ կանչեն, հարցնեն՝ ինչի՞ համար ես հարձակվել այդ մեքենայի վրա։ Մենք իրեն ոչ մի բան ենք ասել, անգամ թարս չենք նայել։ Ինքը վիրավորում էր մեզ, ասում էր՝ դուք ձեր արածի համար պատասխան եք տալու, բայց մենք ի՞նչ ենք արել։

Իրենք ցույց են տալիս միայն վերջին հատվածը, բայց երկար ժամանակ մենք խնդրում էինք, որ հեռանան էդտեղից։ Ես չեմ հիշում իմ հարվածելու պահը, ես ուղղակի ուզում էի իրեն նստեցնել մեքենան»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 2–ին, Մասիս խոշորացված համայնքի Նոր Կյուրին բնակավայրում բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահ Արսեն Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում