Եվրահանձնաժողովի անդամները որոշել են բոյկոտել Ուկրաինայում ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Այդ մասին, այսօր` մայիսի 4-ին, հայտարարել է Եվրահանձնաժողովի սպորտի հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն: Նման որոշում կայացնելու առիթ է դարձել այդ երկրի քաղաքական իրավիճակն ընդհանրապես եւ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի վիճակը մասնավորապես:
«Ես հասկանում եմ այդ անհանգստությունները եւ այդ պատճառով էլ որպես եվրոպական հանձնակատար, որը պատասխանատու է սպորտի համար, որոշում եմ կայացրել, որ այս պայմաններում ինձ համար նպատակահարմար չէ ներկա լինել ցանկացած առաջնության, որը կանցկացվի Ուկրաինայում: Այդպես է մտածում նաեւ նախագահը եւ Եվրահանձնաժողովի մյուս անդամները», - ասվում է Վասիլիուի հայտարարության մեջ: Եվրահանձնակատարը մատնանշել է «սպորտի եւ «Եվրո-2012»-ի մարզական հաջողության իրական էության պահպանման» կարեւորությունը:
«Ես հուսով եմ, որ այս ֆուտբոլային առաջնությունն իսկապես հաջողություն կունենա, եւ որ ես կարող եմ մասնակցել Լեհաստանի տարածքում առաջնություններից մեկին», - ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ուկրաինայի նախկին վարչապետը համախոհների միջոցով հայտարարել էր, որ գաղութից հիվանդանոց տեղափոխելիս իր նկատմամբ բռնություն է կիրառվել: Տիմոշենկոն հացադուլ էր հայտարարել` ի նշան բողոքի բանտում կանանց նկատմամբ վերաբերմունքի եւ բանտապահների պահվածքի դեմ:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել Ուկրաինայում կայանալիք առաջնությանը: Ուկրաինայի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ որոշ արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները «Եվրո-2012»-ի իբր պատրաստվող «քաղաքական բոյկոտի» մասին թերթային «փուչիկներ են»:




























