Հայաստանում քաղաքական կոալիցիա են կանչում ոչ թե հարցեր քննարկելու, այլ ճիշտ հակառակը` լռելու համար: Այս մասին այսօր` մայիսի 4-ին, Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստի ժամանակ նշեց ՀՅԴ-ական պատգամավոր Արտյուշա Շահբազյանը: Նրա խոսքով, երկրում կոալիցիայի գաղափարը լրջորեն խեղաթյուրվել է:

«Սովորաբար մեկ կուսակցություն մյուսներին կանչում է կոալիցիա, երբ գիտի, որ միայնակ չի կարող որոշումներ կայացնել, ուստի միավորվում է գործընկեր ուժերի հետ` այս կամ այն հարցը քննարկելու համար: Այստեղ, երբ մեկ կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ունի, գործընկերներ նրան պետք չեն» Ուստի կոալիցիա են կանչում ոչ այնքան կոնսենսուսի հասնելու համար, որքան նրա համար, որ այդ գործընկերներն իրեն չքննադատեն»,-նշեց Շահբազյանը:

Այդուհանդերձ, ըստ նրա, նոր խորհրդարանն ավելի հետաքրքիր կազմ կունենա, քանի որ բացարձակ մեծամասնություն ունենալու իշխանության ցանկությունը, ամենայն հավանականությամբ, իրականություն չի դառնա: «Ուստի հաջորդ կառավարությունը, որը կձեւավորի խորհրդարանը, ավելի շուտ, իրեն ավելի պատասխանատու կզգա օրենսդիր մարմնի առաջ»,-հավելեց Շահբազյանը: