Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախկին պատգամավոր Էրսոնմեզ Յարբայը հայտարարել է, թե տարիներ առաջ, երբ խորհրդարանում Թուրքիայի նախագահի հերթական  ընտրությունների շրջանն էր, իրեն անհայտ զինվորականներ հայտնել են, թե սպանելու են Աբդուլլահ Գյուլին։

Թուրքական Aksiyon-ի հետ զրույցում Էրսոնմեզ Յարբայը պատմել է, որ այն ժամանակ մի լրագրող իրեն հրավիրել է ճաշի, որտեղ հանդիպել է իրեն անծանոթ մարդկանց, ովքեր որպես զինվորականներ են ներկայացել։  Յարբայը նշել է, թե անծանոթներն իրեն հորդորել են չհանել թեկնածությունը, քանի որ Գյուլը ստիպված է լինելու իր թեկնածությունը հանել։ «Նրանք ասացին, որ ամեն ինչ անելու են, որ Գյուլը նախագահ չդառնա՝ սպառնալով վերջին հաշվով սպանել Գյուլին»,-ասել է Յարբայը՝ հիշեցնելով, որ ինքը չի ցանկացել այդ խաղի մեջ  մտնի եւ ամենի մասին պատմել է Գյուլին։