Վերջին ութ տարիներին Հայաստանի քաղաքացիներին ապագա էին խոստանում, բայց ունենք հայաթափված Արցախ և տագնապով լեցուն երկիր, խոստանում էին հաղթանակներ, բայց բերեցին պարտություններ։ Հունիսի 3-ին Հանրապետության հրապարակում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ այդ մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա ընդգծել է, որ այս ընտրությունները սովորական քվեարկություն չեն, այլ բախտորոշ պահ և մեծ հաղթանակի սկիզբ։ Վարդևանյանի խոսքով՝ նվաստացումների, ստի և Ադրբեջանի պահանջներին դիմակայելու անկարողության դարաշրջանը պետք է մնա անցյալում՝ տեղի տալով իրական փոփոխությունների նոր փուլին։
Արամ Վարդևանյանը վստահություն է հայտնել, որ իրական և արժանապատիվ խաղաղությունը չի կարող կառուցվել վախ տարածելու կամ ի հաճոյս Բաքվի՝ Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու վրա։ Նա նշել է, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը երկրին կապահովի ուժեղ և երկարատև խաղաղություն, որի հիմքում ընկած կլինի հայ մարդու բարեկեցությունը։ Դաշինքի բարեփոխումների ծրագիրը ներառում է՝ 300 հազար աշխատատեղի ստեղծում, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կրճատում մինչև մեկ տարի, ծԾայրահեղ աղքատության վերացում։
Այս լայնածավալ փոխակերպումների երաշխավոր և ղեկավար Վարդևանյանն անվանել է Սամվել Կարապետյանին, որին բնութագրել է որպես երկրի ապագա վարչապետ և ազգային բարերար։
«Մեր առաջնորդ Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանքի տակ է, որովհետև պաշտպանում էր մեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու մեր սուրբ եկեղեցին»,- հայտարարել է Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ վերջին մեկ տարում իրենց թիմը բախվել է զանգվածային անօրինականությունների։
Նա ընդգծել է, որ Հայաստանում պետք է վերականգնվի իրավունքի գերակայությունը, այլ ոչ թե «կալանքների գերակայությունը», երբ յուրաքանչյուր ընդդիմախոս ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Վարդևանյանը հանրահավաքի մասնակիցներին կոչ է արել բարձրացնել բռունցքները՝ ի նշան այն բանի, որ ազատությունն անպայման կհաղթանակի։ Հղում անելով հավատի, հույսի և սիրո մասին Պողոս առաքյալի խոսքերին՝ նա եզրափակել է, որ հենց սերն է հայրենիքի, ժողովրդի ու եկեղեցու հանդեպ իրենց պայքարի հիմքը, և քաղաքացիներին կոչ է արել հունիսի 7-ին գնալ տեղամասեր ու քվեարկել 3-րդ համարի քվեաթերթիկի օգտին՝ իրական փոփոխությունների ճանապարհը բացելու համար։











