«Մենք մեր անկախությունը չենք զիջի ելակի դիմաց»։ Այս մասին հունիսի 3-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «ՔՊ» կուսակցության պատգամավորության թեկնածու, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա հիշեցրել է, որ վերջին օրերին և շաբաթներին Ռուսաստանի Դաշնությունը անհասկանալի և անհիմն պատճառներով հայտարարել է ռուսական շուկա հայկական հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, «Ջերմուկ» հանքային ջրի, ծաղիկների և տարբեր այլ տեսակի արտադրանքի մատակարարումների արգելքի մասին։ Այնուամենայնիվ, Միրզոյանը վստահեցրել է քաղաքացիներին, որ հայկական կողմը ռուս գործընկերների հետ առաջացած խնդիրները կկարգավորի շատ կառուցողական ու գործընկերային մթնոլորտում՝ աշխատանքային քննարկումների միջոցով։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այս դրվագը հանրապետության առջև նոր հնարավորություններ է բացել իրավիճակն ուսումնասիրելու, այլընտրանքային կապեր հաստատելու և տեղական արտադրողների համար նոր շուկաներ բացելու համար։ Նրա խոսքով՝ միջազգային բազմաթիվ բիզնես-գործընկերներ առարկայական հետաքրքրություն են ցուցաբերում հայ արտահանողների հետ նոր համագործակցության ձևավորման հարցում։ Մասնավորապես, Միրզոյանը նշել է Եվրամիության երկրները՝ ծայր հյուսիսից մինչև հարավ, արաբական պետությունները, ինչպես նաև անմիջական հարևանությամբ գտնվող գործարար շրջանակները՝ Թուրքիայում։

Նա նշել է, որ չի շտապի իրադարձություններից առաջ ընկնել մինչև համաձայնագրերի վերջնական ստորագրումն ու բոլոր գործարքների հաստատումը, սակայն հայտնել է, որ ծաղիկների առաջին խմբաքանակն արդեն հաջողությամբ ուղարկվել և իրացվում է բոլորովին նոր շուկայում։

«Ինչպես ցանկացած այլ հարցում, այս հարցում էլ, սիրելի՛ ժողովուրդ, այս կառավարությունը ձեզ մենակ չի թողնի խնդրի առաջ, դա բացառված է, մոռացե՛ք, մենք կլուծենք ձեր հարցերը»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը։