Հայաստանն այդքան մեծ երկիր չէ, որ իրեն թույլ տա մարդկանց թշնամացնել ամեն ընտրությունից հետո: Այդ մասին հայտարարեց ՀՀԿ առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարսգսյանը` Երեւանում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ:

«Պետք է իսպառ բացառենք պարտադրանով հարցեր լուծելու մտայնությունը: Մեծամասնությունը պարտավոր է ուշադրություն ցուցաբերել քաղաքական փոքրամասնությունների նկատմամբ», - ասաց նախագահը:

ՀՀԿ-ն, ավելացրեց նա, լավ ծանոթ է երկրում առկա թերություններին, եւ չի խուսափում խոսել  դրանց մասին: «Միգուցե նախընտրական շրջանում կուսակցությունը պիտի խոսի ձեռքբերումների մասին, սակայն մենք երբեք չենք հրաժարվել թերությունների մասին խոսելուց: Մենք շարունակելու ենք ապահովել արդարություն յուրաքանչյուրի համար», - ասաց Սերժ Սարգսյանը:

«Մենք փոխելու ենք Հայաստանը դեպի մեր երազանքների Հայաստանը` հավտալով, որ կարող ենք փոխել: Որքան խորը հավատանք, այդքան այդ նոր Հայաստանը մեկ օր շուտ է գալու: Ընտրությունները չափազանց կարեւոր են: Ոչ միայն նրա համար, թե որ ուժերն են կառավարելու մեր երկիրը, այլեւ դրանից կախված է լինելու, թե ինչպիսի ճանապարհով է Հայաստանն առաջ շարժվելու եւ ինչ արագությամբ», - հավելեց նա:

Սերժ Սարգսյանը խնդրեց հավաքվածներին ամեն ինչ անել գալիք ընտրությունները լավ անցկացնելու համար: «Դա իմ ցանկությունն է որպես հանրապետության նախագահ եւ երկրի քաղաքացի: Իսկ որպես Հանրապետական կուսակցության նախագահ, ես, իհարկե, ցանկանում եմ, որ Հանրապետականն այս ընտրություններում ստանա առավելագույն արդյունքը: Դրա համար խնդրում եմ ձեզ քվեարկել հանրապետականի օգտին: Մենք երբեք չենք անի այդպիսի բան, որոնցից մեր ընտրողներն ամաչեն», - ամփոփեց նա:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի