Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ վերջին 10 տարում Թուրքիայի զինված ուժերում ծառայող 1470 զինվորական մահացել է տարբեր պատճառներով։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ տարածված հայտարարության մեջ աչքի է ընկել այն հանգամանքը, որ 1470 մահացած զինվորականների 934-ը կազմում են ինքնասպանություն գործածները։
Թուրքիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Վեջդի Գյոնուլը 2011-ին հայտարարել էր, թե վերջին 5 տարում Թուրքիայի զինված ուժերում ինքնասպանություն է գործել 408 զինվորական։
Նշենք, որ քուրդ գործիչները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ ինքնասպանություն գործող զինվորականների գերակշիռ մասը քրդեր են՝ նշելով, որ բանակում ազգային փոքրամասնությունների վրա խիստ ճնշում կա։
Հիշեցնենք, որ 2011-ի ապրիլի 24-ին Բաթման նահանգի զորամասերից մեկում Քըվանչ Աղաօղլու անունով ժամկետային զինծառայողը սպանել էր ստամբուլահայ Սեւակ Շահին Բալըքչըին։ Թուրք զինվորականները հայտարարում են, թե այն տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով, սակայն ականատես զինվորները պնդել են, որ մինչ սպանության օրը Քըվանչը մի քանի անգամ ասել էր Սեւակին, որ սպանելու է նրան։ Հիշյալ գործով դատավարությունը շարունակվում է։


























