Չաշխատող ձեռնարկությունների ազգայնացումը չի օգնի Հայաստանի տնտեսությանը: Այդ մասին, այսօր` մայիսի 4-ին, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք դեմ պետք է լինենք սեփականության իրավունքը ոտնահարելուն. սա շատ վտանգավոր բան է: Անկախ նրանից, թե ժամանակին նրանք ինչ ճանապարհով են այդ ձեռնարկություները սեփականացրել, չի կարելի ասել` քեզ տված վաուչերն այսօր տաս հազար դրամ կարժենար. տաս հազարդ վերցրու եւ ձեռարկությունը հետ տուր: Սա ոչ մի լավ բանի չի բերի: Մենք մեր օրենսդրությամբ, հարկային եւ մաքսային օրենսդրությամբ պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ չաշխատելը ձեռնտու չլինի նրանց համար, եւ երկար ժամանակ չաշխատացնելու դեպքում մարդը ստիպված կլինի վաճառել այդ ձեռնարկությունները», - ասաց նախագահը:
«Ես ամբողջովին կողմնակից եմ այն տեսակետին, որ Սովետական Հայաստանը արդյունաբերական երկիր է եղել: Ես շնորհակալ եմ այդ ժամանակ ծառայություններ մատուցած մարդկանց` առաջին քարտուղարից մինչեւ պարտկոմ եւ կոլխոզի նախագահ: Ես երբեք հակակոմունիստ չեմ եղել: Սակայն այն, ինչ 1988 թվականին եղել է ժամանակակից, այսօր` 2012-ին, պիտանի չէ մրցունակ ապրանք արտադրելու համար: Եթե արտադրանքը մրցունակ չէ, այն շատ կարճ կյանք կարող է ունենալ», - ասաց ՀՀԿ նախագահը:
Գործարարների հետ իր շփումներ ժամանակ վերջիներս երբեմն առաջարկում են պաշտպանիչ տուրքեր սահմանել ներկրվող ապրանքի դեմ` սեփական արտադրությունը հզորացնելու համար: «Եթե ապրանքը մրցունակ չեղավ, սահմանը պարսպապատենք էլ, չի օգնի: Մարդիկ կարիք ունեն մրցունակ ապրանքի: Եթե ասում ենք` վերականգնել, պիտի խոսենք ոչ այդքան նախկինում աշխատող ձեռնարկություների, որքան մեր տնտեսության համբավի վերականգնման մասին», - ասաց Սերժ Սարգսյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























