Առաջիկա խորհրդարանական ընտրությունները վկայում են Հայաստանում հասունացող ժողովրդավարության մասին: Այդ մասին հայտարարեց ՀՀԿ առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը` Երեւանում մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ, հավելելով, որ նախընտրական մթնոլորտը եղել է բաց եւ մրցակցային:
«Սուր բանավեճերն ընդհանուր առմամբ անցնում էին օրենքի տառին ու ոգուն համապտասխան: Դա ապացուցում է մեր կուսակցությունների եւ ընտրական գործընթացը կառավարող ինստիտուտների զարգացվածությունը: Դա, ի վերջո, ապացուցում է մեր անկախության անշրջելի բնույթը:
Մենք պետք է բացառենք արդարության կուսակցականացումը: Հարուստ եւ աղքատ, կառավարող եւ ընդդիմադիր` բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ: Պետք է բոլորը հիշեն, որ այսօրվա իշխանությունը վաղվա ընդդիմությունն է լինելու: Իսկ ունեզուրկն իր ձեռներեցական որակները կգործադրի` իր համար կարողություն ստեղծելու համար: Մենք խրախուսելու ենք քաղաքացիներին չխուսափել բողոքներից եւ անհրաժեշտության դեպքում դիմել մեր պետության վերահսկողական մարմիններին», - ասաց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, երկրում պետք է մերժվի անհատապաշտության եւ մեծ փողի պարտադրանքը: Քննադատության հասարակական մեխանիզմը նունպես կազատվի վաղեմի կարծրատիպերից: «Մենք մերժել ու մերժում ենք հրապարակային հայհոյանքն իբրեւ քաղաքական երեւույթ: Լրագրողների հանդեպ բռնությունները, մասնավորապես` ֆիզիկական բռնությունների գարշելի երեւույթները, համարել եւ համարում ենք անթույլատրելի», - եզրափակեց Ս. Սարգսյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























