Երեւանի Ազատության հրապարակում քիչ առաջ մեկնարկել է «Օրինաց երկիր» կուսակցության հանրահավաքը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը: Այս պահին ՕԵԿ-ի հանրահավաքի մասնակիցները համերգային կատարումներ են ունկնդրում, սկսվել է անձրեւ: Հանրահավաքին նախատեսված է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի, փոխնախագահ Հեղինե Բիշարյանի, ինչպես նաեւ կուսակցության համամասնական ցուցակում առաջատար դիրքեր զբաղեցնող թեկնածուների ելույթները: Մասնավորապես, ելույթ կունենան նաեւ ՕԵԿ-ական նախարարներ Մհեր Շահգելդյանը, պաշտպանության նախարարի նախկին մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

ՕԵԿ հանրահավաքին նախատեսված է նաեւ համերգ, որի ժամանակ ելույթ կունենան հայտնի երգիչ-երգչուհիներ, մասնավորապես, Աիդա Սարգսյանը, Մհերը, Սիլվա Հակոբյանը, Ռուզան Ավետիքյանը եւ այլք:

Նշենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 6-ին: Այսօր` մայիսի 4-ին, պաշտոնական քարոզարշավի վերջին օրն է, իսկ վաղը` մայիսի 5-ին «լռության օր» է: