Հայաստանը Փաշինյանի վարչապետության ութ տարիների ընթացքում վճարել է հազարավոր կյանքերով, 10 հազար վիրավորներով, տարածքների կորստով և Արցախի կորստով։ Սևան քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ կատարվածն անվանելով մեծ ողբերգություն։

Պատասխանելով Փաշինյանի եվրոպական ուղեգծի մասին հարցին՝ Քոչարյանը նշել է, որ իշխանությունները գեղեցիկ հեքիաթի մեջ են փաթեթավորել մի բան, որը չունի հեռանկարներ, որը պարզապես գոյություն չունի, և առաջարկում են քանդել այն, ինչը բավականին հաջող է աշխատում։ Քաղաքական գործիչը հույս է հայտնել, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում «Հայաստան» դաշինքին հաջողվել է մարդկանց բացատրել, որ քանդել գործնական կապերը՝ այն, ինչի վրա կառուցված է երկրի տնտեսությունը, հանուն գեղեցիկ, բայց անհասկանալի հեքիաթի հետևից գնալու, անխոհեմություն է։ Ըստ նրա՝ այն առաջնորդը, որը վարվում է նման կերպ, չի մտածում երկրի մասին, այլ մտածում է միայն այն մասին, թե ինչպես հերթական անգամ խաբի մարդկանց ու պահի իր աթոռը։

Խոսելով հանրաքվեի մասին՝ Քոչարյանը նկատել է, որ դրա անցկացման մասին խոսում են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ ասելով. «Կողմնորոշվի՛ր, մա՛րդ Աստծո, դու այստե՞ղ ես, թե՞ այնտեղ»։ Ռուսաստանից նույնպես ասում են, որ պատրաստ չեն վճարել Հայաստանի դեպի Եվրոպա տանող ճանապարհի համար։

Նշելով, որ իշխանությունները հաշվի չեն առնում վնասներն ու կորուստները՝ նա նման վերաբերմունքն անվանել է արկածախնդրություն, որը չի ենթարկվում որևէ տրամաբանական հիմնավորման։ «Հենց դրա դեմ էլ մենք պայքարում ենք»,- պարզաբանել է Քոչարյանը։