Կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, կալանավորված Անդրանիկ Թևանյանի կինը՝ Էլմիրա Թևանյանը, հունիսի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ընթերցել է իր ամուսնու նամակը։
Անդրանիկ Թևանյանի նամակում նշված է.
«Ես, ինչպես և մյուս քաղբանտարկյալները, կալանավորված եմ շինծու մեղադրանքով։ Մենք բոլորս կալանքի տակ ենք, բայց առաջին հերթին պետք է մտահոգված լինենք գլխավոր կալանավորի՝ Հայաստանի ճակատագրով։ Մեր երկիրը նետված է բանտ, իսկ բանալիները հանձնված են Ադրբեջանին, որի տեղական կառավարիչը խաղում է բռնապետի դեր։
Երբ Հայաստանը կալանավորված է, ոչ ոք չի կարող ազատ լինել։ Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է՝ ազատագրական պայքար մղել և հայկական իշխանություն ձևավորել։ Սրանք պարզապես ընտրություններ չեն, այլ խաղաղության և ապրելու իրավունքի հանրաքվե։
Ձեզ խաբել են, խաբում են և կխաբեն, քանի դեռ դա հանդուրժելի է։ Պետք է մեր կյանքից վտարել սուտն ու դավաճանությունը։
Սրանք առաջնորդվում են «Մահ կամ իշխանություն» կարգախոսով, իսկ մենք ասում ենք՝ «Հիմա կամ երբեք»։
Խաղաղություն և բարեկեցություն ապահովելու համար պետք է պայքարել ընտրատեղամասերում՝ ակտիվորեն մասնակցելով ընտրություններին և հաղթանակ տանելով։
Ամբողջ աշխարհը հետևում է մեզ, մենք պետք է մաքրենք մեզնից խայտառակության խարանը։ Մեզ ուզում են կանգնեցնել կեղծ երկընտրանքի առջև, բայց իրականում չկա ընտրություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև, այլ կա ընտրություն Հայաստանի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի», արժանապատվության և նվաստացման միջև։
Այսպիսի իրավիճակում տանը մնալը հավասարազոր է դասալքության, խրամատում կանգնած զինվորին թիկունքից հարվածելուն, ադրբեջանական թեկնածուին պաշտպանելուն, հայ գերիներին մոռացության մատնելուն, հավասարազոր է Արցախի հանձնումը ողջունելուն, հավասարազոր է մեր հազարավոր զոհերի հիշատակը պղծելուն»։











