Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ որեւէ պարագայում կոալիցիա չի կազմի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով իր կուսակցի` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությունը, թե միասնական շտաբի անդամ-ուժերը կարող են շարունակել համագործակցությունն ապագա խորհրդարանում, ինչպես մեծամասնական ընտրակարգից հրաժարվելու, այնպես էլ համակարգային այլ խնդիրներ լուծելու համար:

«Արմեն Ռուստամյանն ասել է, որ կարող ենք համագործակցել այն դաշտում, որում համագործակցում ենք այսօր, այսինքն արդարություն, ընտրական օրենսգրքի փոփոխություն, այն ամենը, ինչն ապահովում է ընտրական պրոցեսի արդարությունը եւ ժողովրդի կողմից  իշխանությունը ընտրություններով փոխելու հարցը: Կոալիցիայի մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, իրենց եւ ՀԱԿ-ի մինչեւ գաղափարական խնդիրների շուրջ տարաձայնությւոնները պահպանվում են: «Դա, կարծում եմ, ակնհայտ է»,- արձանագրեց Հովհաննիսյանը:

Նշենք, որ երեկ էլ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակում ունեցած ելույթում ասել էր. «Հայ ազգային կոնգրեսը չի բացառում իր մասնակցությունը իրական կոալիցիայում՝ կտրականապես մերժելով, սակայն, որեւէ համագործակցություն Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների հետ, նրանց համարելով մեր երկրի գլխավոր չարիքը»։

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի