Տեղեկատվական բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներից կազմված հայկական պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է ինժեներական խոշորագույն «Հաննովեր Մեսսե 2012» ցուցահանդեսին: Այդ մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից: Ցուցահանդեսին 6.500 ընկերություններ աշխարհի 65 երկրներից ներկայացրել են իրենց լուծումները: Ցուցահանդեսն անցկացվել է ապրիլի 23-27-ը` Գերմանիայի Հաննովեր քաղաքում:

Ցուցահանդեսին մասնակցելու հիմնական նպատակն էր նպաստել հայկական տեխնոլոգիական ընկերությունների առաջխաղացումն արտերկրում, Հայաստանն աշխարհին ներկայանել որպես տեխնոլոգիական երկիր եւ տարածել «made in Armenia» բրենդը միջազգային շուկայում: Հայկական պատվիրակության մեջ ընդգրկված էին ներկայացուցիչներ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունից, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամից, Եռաչափ Մոդելավորման Միությունից, Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամից, «ԱրթինՎարուժան» ընկերությունից:

Հայաստանյան կազմակերպությունների մասնակցությունը միջոցառմանը կազմակերպում եւ համակարգում էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)` Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) աջակցությամբ: