Հայաստանում ավելի քան 50 քաղբանտարկյալ կար դեռևս մինչև Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի մեկնարկը։ Այս մասին հայտնել է ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ այժմ այս թիվը կրկնապատկվել է։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ, կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի ձերբակալությունն իրականացվել է շինծու պատճառներով։

«Ընտրություններն արդեն կեղծվում են։ Եթե հիմնական քաղաքական դերակատարներից բոլորին փորձում են այս կամ այն կերպ ազատությունից զրկել և ինչ-որ կերպ խոչընդոտել, ինչի՞ մասին կարող ենք խոսել։ Իսկ Արմեն Աշոտյանի դեպքում սա արդեն անձնական վենդետա է», - ասել է Մամիջանյանը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ իր կուսակից ընկերոջ ձերբակալությունը կապված է վերջինիս ակտիվ ընդդիմադիր գործունեության հետ։